Ժամանակակից տեխնիկական սարքերն ապշեցնում են  իրենց բազմաֆունկցիոնալությամբ. արտադրողները հաճախ նույնիսկ սովորական ձեռքի ժամացույցներում ներառում են հաշվիչներ, ռադիո, փոքրիկ լուսանկարչական սարքեր:  Ճապոնական  «Tokyoflash» ընկերությունն էլ ստեղծել է ալկոհոլի թեստով ժամացույց:

Սարքն ունի երկու մասի բաժանված մեծ դիսփլեյ: Ձախ մասում գտնվում է ժամացույցը, իսկ աջում` սանդղակով  ցուցիչը: Կողքին գտնվում է մի փոքրիկ անցք: Հարբածության աստիճանը ստուգելու համար անհրաժեշտ է սեղմել կոճակը եւ անցքին փչել հինգ վայրկյան, որից հետո տվյալները երեւում են էկրանին:  Եթե կանաչ լույս է վառվել, նշանակում է՝ մարդը սթափ վիճակում է, դեղինի դեպքում արյան մեջ ալկոհոլի պարունակությունը 0,4 -0,6 տոկոս է, իսկ կարմիրի դեպքում   0,6-ից ավելի է:

Ժամացույցում կա նաեւ մինի խաղ: Ալկոթեստերն ունակ է մարտկոցով աշխատել մեկ ամիս: Այն թանկ չէ, ընդամենը 99 դոլար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Արտադրողը զգուշացնում է, որ սարքը միշտ չէ, որ կարող է ճիշտ որոշել ալկոհոլի աստիճանը, այդ պատճառով այն չի կարելի կիրառել ոստիկանների հետ վեճի ժամանակ` սթափ լինելն ապացուցելու համար: Այնուամենայնիվ, նորույթը գեղեցիկ է եւ միանգամայն օգտակար նվեր կլինի ավտոսիրողների համար: