Հայաստանի կառավարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող, ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացած GFI Software ընկերության միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր: ՀՀ կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, իսկ GFI Software ընկերության անունից՝ վերջինիս գլխավոր տնօրեն Վալտեր Սկոտը:

Կողմերը կարեւորել են հուշագրի ստորագրումը եւ նշել, որ այն կնպաստի  երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու GFI Software ընկերության կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերի ընդլայնմանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ ՏՏ ոլորտը հանդիսանում է կառավարության առաջնային ուղղություններից մեկը եւ գտնվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրության ներքո:   

Վալտեր Սկոտը տեղեկացրել է, որ իր գլխավորած ընկերության 2011 թվականից գործող հայաստանյան մասնաճյուղում այժմ աշխատում է 50 մարդ: Նախատեսվում է՝ առաջիկայում աշխատատեղերի թիվը առնվազն  կրկնապատկել: GFI Software ընկերության գլխավոր տնօրենը բարձր է գնահատել  ՏՏ բնագավառում մեր երկրի հետագա զարգացման հնարավորությունները եւ ընդգծել հայաստանյան մասնագետների ունեցած բարձրակարգ գիտելիքներն ու հմտությունները: 

Նշենք, որ «GFI Software» ընկերությունը ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացված առաջատար կազմակերպություն է, որը հնարավորություն է ընձեռնում ցանցային ադմինիստրատորներին լուծել ցանցի անվտանգության եւ բովանդակության, ինչպես նաեւ հաղորդագրությունների փոխանցման հետ կապված բոլոր խնդիրները՝ ծրագրերի միասնական հավաքածուի կիրառման միջոցով:

Ընկերության նպատակն է առաջարկել տեխնոլոգիական լուծումներ, որոնք անհրաժեշտ են բիզնեսին` ՏՏ միջավայրի արդյունավետ մոնիթորինգը, կառավարումն ու անվտանգությունն ապահովելու նպատակով:

     Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են`

- «ամպային» տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայություններ,

- էլ. փոստի անվտանգության եւ արխիվացման լուծումներ,

- ցանցային անվտանգության լուծումներ,

- հեռավար մոնիթորինգի եւ կառավարման (RMM) ծառայություններ,

- ռեզերվային ծրագրային ապահովման ծառայություններ,

- կառավարման հակավիրուսային համակարգեր:

«GFI Software»-ը հիմնվել է 1992թ. եւ ունի գրասենյակներ ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ավստրալիայում, Մալթայում, Հոնկոնգում, Ֆիլիպիններում, Ռումինիայում, Հայաստանում եւ Կիպրոսում: «GFI Software»-ի գործընկերների թիվն ամբողջ աշխարհում գերազանցում է 10 հազարը:  Այն  ստացել է նաեւ «Microsoft Gold Certified Partner»-ի կարգավիճակ: Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար: «GFI Software»-ի հաճախորդների թվում են Եվրոպայի կենտրոնական բանկը, Microsoft, NASA, Volkswagen, Coca-Cola, BMW, Siemens, Fujitsu, Peugeot, Toyota, Compaq, Ericsson, Giorgio Armani, Benetton եւ մի շարք այլ հայտնի ընկերություններ: