«Լոկատոր» ընկերությունը ձեռնամուխ է եղել հայկական 8 եկեղեցիների եռաչափ մոդելավորման աշխատանքներին: Այդ մասին NEWS.am-ին ասաց «Լոկատոր» ընկերության առեւտրային տնօրեն եւ եռաչափ նախագծի ղեկավար Վլադիմիր Սոֆյանը:
Մոդելավորվում են հետեւյալ եկեղեցիները. Նորավանք, Կեչառիս, Խոր Վիրապ, Գառնի, Գեղարդ, Էջմիածնի Մայր Տաճար, Տաթեւ, Սեւանա վանք: Նախագիծն առեւտրային բնույթ է կրում, քանի որ հովանավորներ չկան: Ծրագրերը կարելի է ներբեռնել App Store-ից կամ ստանալ DVD-ով: Սակայն Վլ. Սոֆյանը հավաստիացրեց, որ եկեղեցիների եռաչափ մոդելները հասանելի կլինեն սիմվոլիկ վճարով: Դրանք հիմնականում նախատեսված են զբոսաշրջիկների համար:
Նշենք, որ «Լոկատոր» ընկերությունը մասնագիտանում է քաղաքային լանդշաֆթների եռաչափ մոդելավորման բնագավառում, ու արդեն իսկ ստեղծել է Երեւանի եռաչափ մոդելը: Այն հասանելի է google-earth համակարգում: Մոդելն արդեն ներառում է Երեւանի մոտ 5000 շենքերից 4000-ը: Ընդ որում, ըստ Վլ. Սոֆյանի, մոդելավորումն իրականացվում է շենքերի ճարտարապետական արժեքները պահպանելով, ինչը google-earth համակարգի պահանջ չէ:




























