«Յունիքոմփ» ընկերությունը Intel-ի բազայի վրա հավաքում է դպրոցականների համար նախատեսված անհատական համակարգիչներ՝ Classmate PC-եր: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Սարքի արտաքին դիզայնը հարմարեցված է հատուկ երեխաների համար՝ թեթեւ է, ամուր, հեշտ է կրել: Համակարգչի ծրագրային ապահովումն իրականացրել է «Մայքրոսոֆթը» (մասնավորապես՝ համակարգիչն ապահովված է Windows 8-ով, ուսումնական ծրագրերով, ունի անվճար էլեկտրոնային փոստ եւ այլն):
Այս համակարգչի առանձնահատկությունն այն է, որ ունի հայերեն ստեղնաշար: Համակարգչի արժեքն է 169 հազ. դրամ, սակայն Գ. Բարսեղյանն ասում է, որ միայն ծրագրերի շուկայական արժեքն է այդքան:
Արդեն հավաքվել են առաջին 1000 Classmate PC-երը, իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 800 հատի պատվեր է իջեցրել: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «ԴիջիԹեք Բիզնես ֆորում»-ում ծանոթանալով Classmate PC-ի նմուշի հետ, ցանկություն է հայտնել, որ Հայաստանում ստեղծվի դրանց զանգվածային արտադրություն՝ ընդհուպ մինչեւ տարեկան 25-30 հազ. հատ, որպեսզի առաջին դասարանցի բոլոր երեխաներն ունենան դրանցից:
Գ. Բարսեղյանի կարծիքով՝ եթե Classmate PC –ի արտադրության բիզնես գործընթացների մի մասն իրականացվի Հայաստանում (ներկայում իրականացվում է միայն վերջին՝ հավաքման փուլը), ապա ինքնարժեքը կարելի է զգալի նվազեցնել:




























