Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր` հունիսի 26-ին, Վանաձորում տեղի ունեցած դանակահարության դեպքի մասին: Ըստ այդմ, դանակահարություն կատարողը դեպքից անմիջապես հետո դիմել էր փախուստի, իսկ հետո մեղայականով ներկայացել էր ոստիկանության Վանաձորի բաժին: Նա, ըստ ոստիկանության, 29-ամյա Ակսել Մխիթարյանն է, ով Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոխտնօրեն Արամ Մխիթարյանի որդին է: Իսկ դանակահարվողը Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս Վասիլի Գեւորգյանն է:

Ըստ շրջանառվող լուրերի՝ դանակահարությունը տեղի է ունեցել դասախոսի կողմից դանակահարողի ընկերուհուն գնահատական չնշանակելու համար, մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ դանակահարությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա:

NEWS.am-ի Լոռիի թղթակիցը այցելել է Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք` 35-ամյա Վասիլի Գեւորգյանից մանրամասներ ճշտելու նպատակով, սակայն վերջինս հրաժարվել է որեւէ տեղեկություն հայտնել, լրագրողներին խնդրելով չլուսանկարել իրեն:

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մարգարյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ 35-ամյա Վասիլի Գեւորգյանը բժշկական կենտրոն է տեղափոխվել ժամը 14:00-ի սահմաններում, ազդրի վերին երրորդականի եւ որովայնի աջ կեսի ստորին հատվածների կտրած ծակած վերքերով, որտեղից եղել է առատ արնահոսություն: Տուժածին անմիջապես վիրահատել են, վիճակը ներկա պահին գնահատվում է բավարար:

Մեր թղթակցի հետ զրույցում ոստիկանության Լոռիի մարզի քննչական բաժնի քննիչ Արեն Մնացականյանը հայտնել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր` հունիսի 26-ին, դանակահարություն է տեղի ունեցել Վանաձոր  քաղաքում: Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել նույն ինստիտուտի դասախոս, 35-ամյա Վասիլի Գեւորգյանը:

 

Լուսանկարները`Էդվարդ Արզումանյանի