Գիտնականները 1,4 միլիոն տարի առաջ Իսպանիայի հարավում ապրած մարդու ատամ են հայտնաբերել. ատամը Արեւմտյան Եվրոպայում երբեւէ հայտնաբերված մարդկային հնագույն մնացորդն է:
Մինչ այժմ Արեւմտյան Եվրոպայում մարդկային հնագույն մնացորդներ են համարվել 1,2 միլիոն տարվա ոսկորները, որոնք հայտնաբերվել էին Իսպանիայի Սիերա դը Ատապուերկայում: Արեւմտյան Եվրոպայում մարդու գոյության ավելի վաղ ապացույցներ եղել են միայն 1,1 - 1,7 միլիոն տարեկան քարե զենքերը, որոնք էլ հայտնաբերվել էին Իտալիայում եւ Ֆրանսիայում:
Journal of Human Evolution ամսագրում հրապարակված հոդվածում նշված է, որ ատամը հայտնաբերել էին Մալագայի (Իսպանիա) համալսարանից Պաուլ Փալմքվիսթի ղեկավարությամբ մի խումբ գիտնականներ՝ Իսպանիայի հարավային Օրսա շրջանում կատարված պեղումների ընթացքում: Ատամի կառուցվածքից միանշանակ չի կարելի որոշել մարդու տեսքը, սակայն ժամանակային առումով գտածոն կես միլիոն տարի հետ է այն ժամանակաշրջանից, երբ Homo erectus-ը դուրս էր եկել Աֆրիկայից եւ բնակություն հաստատել Եվրոպայում: Ըստ գիտնականների՝ Եվրոպայում մարդն առաջին անգամ հայտնվել է Դմանիսում (Վրաստան)՝ 1,8 միլիոն տարի առաջ:
Պեղումների ժամանակ բացի ատամից հայտնաբերվել են նաեւ խոշոր կաթնասունների ոսկորներ եւ քարե զենքեր, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Կենդանիների մնացորդների շարքում հայտնաբերվել են քարանձավային արջերի, հսկա եղջերուների, շների նախնիների, գայլերի եւ բորենիների, ռնգեղջյուրների, զեբրերի, գետաձիերի, բիզոնների եւ այլ կենդանիների ոսկորներ:





























