Հայաստանի բջջային կապի շուկան բարձր մրցակցային է, մատուցվող ծառայությունների որակը՝ բավականաչափ բարձր: Այդ մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) նորանշանակ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նրա խոսքով՝ ոչ բոլոր եվրոպական երկրներում կա այնպիսի կապ, ինչպես Հայաստանում: «Հայաստանում շատ արժանի մրցակիցներ են, ոչ մեկ չի քնում, ուշադիր հետեւում են բոլոր նորամուծություններին»,- ասաց Ա. Պյատախինը: Նրա խոսքով՝ «ԱրմենՏելը» առաջիկա տարիներին մտադիր է մեծացնել իր մասնաբաժինը Հայաստանի բջջային կապի շուկայում, էապես ընդլայնել ինտերնետային կապի մատակարարումը: Մասնավորապես՝ ինտերնետային կապի ամենաարագ աճող սեգմետը բջջային ինտերնետի սեգմենտն է, որին ողջ աշխարհում բաժին է ընկնում ինտերնետի օգտատերերի աճի 89%-ը: «Ամեն ինչ անելու ենք մեր աբոնենտային բազան ընդլայնելու, մեր պրոդուկտը բջջային ինտերնետ օգտագործողների համար ավելի հասանելի դարձնելու համար»,- ասաց Ա. Պյատախինը; Սակայն նաեւ հավելեց, որ լարային ինտերնետը եւս չի կորցնում իր նշանակությունը, հետեւաբար՝ դրա զարգացմանը եւս մեծ դեր են հատկացնելու:

«Իմ գալով «ԱրմենՏելն» ավելի ագրեսիվ ու ակտիվ կդառնա: Մենք մեր հաճախորդներին, պոտենցիալ օգտատերերին կտրամադրենք նոր ծառայություններ, որոնք նրանց համար կարեւոր են»,- ասաց «ԱրմենՏելի» նոր տնօրենը:

Ա. Պյատախինի ներկայացմամբ՝ այնպիսի բարձր մրցակցային շուկայում, ինչպիսին Հայաստանն է, շատ կարեւոր է կողմնորոշվել դեպի հաճախորդը՝ «հաճախորդն ամեն ինչ է» սկզբունքով:

Հիշեցնենք, որ Ա. Պյատախինը ստանձնել է իր պարտականությունները հունիսի 19-ից: