Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է իր առաջին OLED-հեռուստացույցը՝ ճկվող էկրանով, որի արժեքը Հարավային Կորեայում կազմում է 15 մլն վոն կամ մոտ 13 հազար դոլար, ասվում է Samsung-ի հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնում է Digit.ru-ն, ապրիլին 55-դյույմանոց էկրաններով OLED-հեռուստացույցների նախապատվերները սկսել էր ընդունել Samsung-ի մրցակից LG ընկերությունը: LG-ի հեռուստացույցի գինը եւս գնահատվում է 15 մլն վոն, սակայն այն առայժմ չի վաճառվում հարավկորեական շուկայի սահմաններից դուրս: Ընկերությունը չի հրապարակում վաճառված սարքավորումների քանակությունը:

Samsung-ի OLED-հեռուստացույցների գինը մոտ հինգ անգամ գերազանցում է սովորական LCD էկրանով սարքերի գնին, գրում է Bloomberg-ը: Սակայն Samsung-ը հուսով է, որ նորույթը մեծ ժողովրդականություն կունենա: Օրգանական լուսադիոդների հիման վրա ստեղծված հեռուստացույցն ավելի պայծառ պատկեր է տալիս, քան սովորական հեռուստացույցը: