Իրանը «կշարունակի իր պատմական դերակատարությունը Մերձավոր Արեւելքի գործերում՝ չափավոր դիրքորոշում պահպանելով», հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռուհանին՝ հունիսի 29-ին ելույթ ունենալով  Թեհրանում:

Ռուհանին, որը պաշտոնապես  պարտականությունները կստանձնի օգոստոսի 3-ին,  իր կառավարման հիմնական սկզբունքներ է հայտարարել «արդարությունը, օրինականությունը եւ չափավորությունը»:

Ընդ որում, խոսելով Իրանի ներկայիս արտաքին քաղաքականության մասին՝ նա ընդգծել է, որ չափավոր ուղղությունը չի նշանակում «ենթարկվել եւ հանձնվել»:

«Կայացած նախագահական ընտրությունները բազմաթիվ դասեր տվեցին: Սակայն հիմնական ուղերձը ժողովրդի ՝փոփոխությունների ձգտումն է», – ասել է Ռոուհանին՝ ընդգծելով, որ կկատարի իր բոլոր նախընտրական խոստումները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ Ռուհանիի՝ երկիրը շատ պատասխանատու պահ է ապրում, եւ կառավարությունն իր աշխատանքում «պետք է խուսափի ծայրահեղականությունից»:

«Մենք պետք է մտածենք երկրի ապագայի մասին, այն մասին, թե ինչպես է պետք դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ պահպանելով խաղաղությունը, ամրապնդելով համերաշխությունը եւ միասնականությունը», – ասել է նա: