Հաքերներին հասանելի է դարձել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի եւ Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինյոյի նամակագրությունը: «Նրանց արդեն հասանելի է իմ էլեկտրոնային փոստը: Նրանք արդեն կարդացել են իմ եւ Ասաանժի նամակները: Էլ ի՞նչ են անելու»,-հայտարարել է Պատինյոն:

The Wall Street Journal-ի տվյալներով`Վաշինգտոնում Էկվադորի դեսպան Նատալի Սելին դժգոհություն է արտահայտել այն դերի կապակցությամբ, որն Ասսանժը խաղեցել է հարավամերիկյան երկրի իշխանությունների հետ բանակցությունների ժամանակ` կապված Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու հետ: Այս մասին գրում է «Gazeta.Ru» -ն:

WSJ-ում հիշատակված մեկ այլ նամակում Ասսանժը ներողություն է խնդրել Պատինյոյից այն անհարմարությունների համար, որոնք պատճառվել են այդ երկրի իշխանություններին:

Ինչպես հաղորդում է RT-ն, Էկվադորը հայտարարել է, որ պատրաստ է ապաստան տրամադրել Էդվարդ Սնոուդենին: Էկվադորի իշխանությունները մտադրություն են հայտնել հրաժարվել ԱՄՆ հետ առեւտրային պայմանագրից եւ անգամ Սնոուդենին փաստաթուղթ են տրամադրել, որը նրան իրավունք է տալիս հատելու սահմանները` անվավեր ամերիկյան անձնագրով: Սակայն ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ «սրտառուչ» զրույցից հետո, Էկվադորի նախագահը շտապել է չեղյալ համարել ավելի վաղ կայացրած որոշումը` նշելով, որ Սնոուդենի ճակատագիրը ռուսական իշխանությունների ձեռքում է: