Հայաստանը «Ինովացիաների գլոբալ ինդեքս-2013» վարկանիշում 142 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ բարձրանալով 10 կետով:

Հայաստանը ներառված է «նորարար-աշակերտ» խմբում, որում ընդգրկված են նաեւ 18 երկրներ, այդ թվում Չինաստանը, Մոլդովան, Հնդկաստանը, Մալայզիան, Հորդանանը եւ Վրաստանը:

Յուրաքանչյուր երկիր վարկանիշում ներկայացվում է նաեւ իր տնտեսական վիճակի մակարդակով: Այսպես, Հայաստանը ներառված է միջին մակարդակից ցածր եկամուտ ունեցող երկրների ցանկում, որտեղ նա ինովացիաների առումով առաջատարների թվում է:

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի մյուս երկրներին, ապա Ադրբեջանը վարկանիշում զբաղենում է 105-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 73-րդ, Թուրքիան՝ 68-րդ, իսկ Իրանն ընդամենը 113-րդ հորիզոնականը:

Զեկույցում հատուկ նշվում է զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում ինովացիաների զարգացման մասին:

«Ինովացիաների գլոբալ ինդեքս-2013» զեկույցը պատրաստել է INSEAD միջազգային բիզնես-դպրոցը, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO), ինչպես նաեւ Քորնելիի համալսարանը: