Իրանը կցանկանար Ռուսաստանի օգնությամբ մի շարք նոր ԱԷԿ-ներ կառուցել, հուլիսի 2-ին հայտարարել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

«Կարծում եմ, որ կարող ենք շարունակել մեր համագործակցությունն այս ոլորտում եւ նոր ԱԷԿ-ներ կառուցել: Այս հարցի առնչությամբ նախնական բանակցություններն արդեն կայացել են»,-ասել է նա, փոխանցում է «Ինտերֆաքսը»: Այժմ անհրաժեշտ են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումները, որպեսզի մեկնարկեն նախագծի իրականացման աշխատանքները, հայտարարել է Ահմադինեժադը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես հաղորդում է «Vesti.Ru»-ն, Իրանի նախագահը առանձնացրել է Ռուսաստանի հետ ատոմային էներգետիկայի հարցերում համագործակցությունը: «Բուշեր ատոմակայանը կառուցվել է, էլեկտրաէներգիա է արտադրում, Բուշերը վերածվել է Ռուսաստանի եւ Իրանի երկկողմ համագործակցության խորհրդանիշ: Մենք հարեւան երկրներ ենք, որոնք չեն կարող բաժանվել միմյանցից, հատկապես հիմա համագործակցությունն անհրաժեշտ է»:

Ահմադինեժադի կարծիքով, պետք է տնտեսական համագործակցության մակարդակը հասցնել առավելագույնի: Սակայն Իրանի նախագահը նկատել է, որ փոխգործակցության զարգացման համար «գոյություն ունեն որոշակի վարչական արգելքներ»: «Ընդհանուր որոշումների շնորհիվ կկարողանանք դրանք չեզոքացնել»,-կարծում է նա: