Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածած խուճապային մեղադրանքները` իբր «ավերված» Սարսանգի ամբարտակի մասին, չեն համապատասխանում իրականությունը: Այս մասին հայտարարեց ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը` NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով հաղորդագրությունը:
«Դա ապատեղեկատվություն է, որը չի համապատասխանում իրականությանը: Սարսանգի ամբարտակի անվտանգությունն ապահով ձեռքերում է»,-նշեց նախարարը: Ինչ վերաբերում է ադրբեջանական կղմի` Եվրախորհրդարանին դիմելու մասին հայտարարություններին, ապա Հ. Ղահրամանյանը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղը բաց է եվրոպական կառույցների ներկայացուցիչների համար:
Նշենք, որ «Թրենդի» հաղորդմամբ, Ադրբեջանը մտադիր է դիմել Եվրախորհրդարանին` Սարսանգի ամբարտակի հետ կապված իրավիճակը պարզելու համար: Մասնավորապես, նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության զարգացման աջակցության ասոցիացիան: Ուշագրավ է, որ Ադրբեջանին ժամանակ առ ժամանակ սկսում են շատ խիստ հուզել էկոլոգիական խնդիրները, սակայն նրա բոլոր «հետաքրքրությունները» այսպես կամ այնպես կապված են կամ Հայաստանի, կամ ԼՂՀ-ի հետ` հրդեհներ, ատոմակայան, հիմա էլ` Սարսանգի ջրամբար:




























