Իրանի նախագահի ընտրություններն ընթացան ժողովրդավարական բավական բարձր մակարդակով: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանն այսօր՝ հուլիսի 3-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում:

Պատգամավորը հիշեցրել է, որ քվեարկությանը մասնակցել է բնակչության 73%-ը, իսկ Հասան Ռուհանիի օգտին քվեարկել է 51%-ը.  «Այսպիսով, կարելի է ժողովրդավարության միանգամայն բարձր ինդեքս արձանագրել՝ հենց եվրոպական չափանիշներով», - նշել է պատգամավորը:

Խորհրդարանականի խոսքով՝ նոր նախագահի օրոք հայ-իրանական հարաբերությունների հետագա խորացում է սպասվում, տնտեսական, կրթական եւ մշակութային ոլորտում նոր ծրագրերի իրականացում:

Իրանական միջուկային ծրագրում փոփոխությունների հավանականության մասին հարցին Կարեն Խանլարյանը պատասխանել է, որ ծրագիրը մի քանի տասնյակ տարի է գոյություն ունի եւ  ուղղված է նավթային պաշարները պահպանելուն:  «Արեւմուտքը փորձում է հարցը քաղաքականացնել: Դա սխալ քաղաքականություն է: Նախպագահական ընտրությունների հարցում եւս Արեւմուտքը սխալվում էր՝ պնդելով, որ դրանք  կկեղծվեն: Իրականում դրանք բավական ժողովրդավարական էին, ինչը հաստատեցին նաեւ արեւմտյան երկրները», - նշել է Կարեն Խանլարյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am