Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է քննարկել «Վիքիպեդիա Հայաստան» ՀԿ-ին տարածքով ապահովելու եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը: Այս մասին նա նշել է այսօր՝ հուլիսի 3-ին, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստի ժամանակ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ժամանակ ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ՏՏ նոր ռազմավարությունը, որն արժանացել է խորհրդի հավանությանը: Անդրադարձ է կատարվել նաեւ էլեկտրոնային առեւտրի ժամանակ հարկային եւ մաքսային ոլորտում, երիտասարդ մասնագետներին Գերմանիա գործուղելու ժամկետների հարցում առկա խնդիրներին եւ այլն: Վարչապետը հանձնարարել է վերջինիս հետ կապված հարցը ներառել հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում՝ այն քննարկելու եւ լուծումներ գտնելու համար:

Օրակարգի վերջին հարցով առաջարկվել է ստեղծել բուհական գլոբալ հանրագիտարան՝ ինչն արժանացել է վարչապետի հավանությանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին՝ լրացուցիչ քննարկել առաջարկը եւ կրկին տալ համապատասխան եզրակացություն: