Վրաստանը շարունակում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները` չնայած միակողմանի կարգով առանց վիզայի ռեժիմը չեղյալ հայտարարելուն, ասել է վրացական կառավարության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հուլիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Վրաստանն իրականացնում է ՄԱԿ-ի խորհուրդները, որպեսզի մեր տարածքում էմբարգոյի տակ գտնվող «սեւ փողեր» եւ արտադրանք չհայտնվեն: Մենք կատարում ենք մեր բոլոր պարտականությունները եւ միաժամանակ պահպանում ենք Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները»,-որոշումը մեկնաբանել է Իվանիշվիլին:

Նախօրեին այս որոշման մասին տեղեկացրել է ԱԳ նախարարությունը. «Հուլիսի 1-ից Վրաստանը չեղյալ է համարում Իրանի հետ առանց վիզայի ռեժիմը: Վրաստանի քաղաքացիների համար Իրանում առանց վիզայի ռեժիմն առայժմ ուժի մեջ է մնում»:

Ինչպես գրում է «Նովոստի Գրուզիան», Վրաստանի եւ Իրանի միջեւ առանց վիզայի ռեժիմ ընդունվել է 2011թ հունվարի 26-ից, ըստ որի նախատեսվում էր, որ երկրների քաղաքացիները դրանց տարածքներում կարող էին մնալ 415 օր:

Հիշեցնենք, որ հունիսին Wall Street Journal-ը հրապարակել է հոդված, որտեղ ասվում է, որ Իրանը ԱՄՆ պատժամիջոցները հաղթահարում է Վրաստանում բիզնեսի շնորհիվ: Պարբերականը պնդում էր, որ այդ նպատակով ԻՀՊԿ-ն Վրաստանում 150 ընկերություններից բաղկացած ցանց է հիմնել:

Ավելի ուշ արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին լրագրողներին հայտարարել է, որ իրանական ավելի քան 150 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաշիվներ սառեցվել են Վրաստանում` ՄԱԿ-ի պատժամիջոցներին համապատասխան:

Իրանական ավելի քան 150 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաշիվներ սառեցվել են Վրաստանում