Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ հուլիսի 4-ին 2 տարով երկարաձգեց «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ընկերության ներմուծած 3 թվային ընդունիչների «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը:
«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերությունը 2012թ. Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) հետ կնքել է պայմանագիր ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարի 2013, 2014 եւ 2015թթ. մրցաշարերի ցուցադրման համար: Հեռարձակման ազդանշանների ստացումն ապահովելու նպատակով ստորագրվել է Համաձայնագիր, համաձայն որի ԵՀՄ-ն տրամադրել է իր սեփականությունը հանդիսացող թվով երեք թվային ընդունիչներ երեք տարի ժամկետով: Սարքավորումները ներմուծվել են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, համաձայն մաքսային ընթացակարգերի` մեկ տարի ժամկետով, սակայն ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ է շարունակել դրանց շահագործումը, ուստի ընկերությունը դիմել է ՀՀ կառավարություն` խնդրելով երկարաձգել ներմուծված սարքավորումների համապատասխան մաքսային ժամկետը եւս 2 տարով:





























