Ռուսաստանի Պետդուման հուլիսի 5-ին պետական ակադեմիաների բարեփոխումների մասին օրինագծում փոփոխություններ է ընդունել:
Մասնավորապես, պատգամավորները հրաժարվել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիան, Ռուսաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիան եւ Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիան լիկվիդացնելու գաղափարից, որը նախատեսված էր օրենքի սկզբնական տարբերակով: Նրանք փոփոխություն են ընդունել, ըստ որի` ՌԳԱ-ն պահպանում է պետական դաշնային բյուջետային հիմնարկության կարգավիճակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պատգամավորները հավանություն են տվել այն փոփոխությանը, ըստ որի` ակադեմիայի թղթակից անդամները երեք տարում պետք է ակադեմիկոսներ դառնան:
«Ինտերֆաքսը» նշում է, որ պատգամավորները 69 փոփոխություն են ընդունել եւ մերժել 105-ը: Քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 5-ին:
Գիտությունների պետական ակադեմիաների բարեփոխումների վերաբերյալ օրինագիծը Պետդումայում գրանցվել էր հունիսի 28-ին եւ առաջին ընթերցմամբ ընդունվել հուլիսի 3-ին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` գիտնականների հետ հանդիպելուց հետո օրենքում փոփոխություններ էին առաջարկվել, որոնք կասեցնում էին ակադեմիայի լիկվիդացումը:



























