Բլոգեր EVLeaks-ը, ով մասնագիտացել է բջջային հեռախոսների մասին լուրերի լուսաբանման մեջ, Twitter-ում հրապարակել է նոր, դեռեւս անհայտ Nokia սմարթֆոնի լուսանկարը:
Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է կոչվելու սմարթֆոնը՝ EVLeaks-ը ներկայացնում է Lumia 909 եւ Lumia 1020 տարբերակները: Լուսանկարից պարզ է, որ սարքն աշխատելու է Windows Phone օպերացիոն համակարգով, ստանալու է 41-մեգապիկսելանոց տեսախցիկ եւ հատուկ ֆոտոհավելված՝ Pro Cam:
Nokia-ի սմարթֆոնի մասին տեղեկություններ նախկինում էլ հայտնվել էր: Ենթադրվում է, որ սարքը կտեղադրվի պլաստիկե կորպուսի մեջ եւ կունենա 4,5 դյույմանոց էկրան եւ 32 Գբ ներքին հիշողություն:
Ակնկալվում է, որ Nokia-ն սարքը կներկայացնի Նյու Յորքում հուլիսի 11-ին կայանալիք շնորհանդեսին:





























