Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին: Ռուհանիին նախագահի պաշտոնում հաստատելու ընթացակարգը տեղի կունենա Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ներկայությամբ: Այնուհետեւ նորընտիր նախագահը կերդվի խորհրդարանի առջեւ:
Անցնելով իր լիազորությունների կատարմանը, Հասան Ռուհանին երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացնի երկրի նոր կառավարության կազմը, հաղորդում է «Ինետրֆաքսը»: Եւս 10 օր կտեւի խորհրդարանում նախարարների թեկնածության քննարկումը:
Հիշեցնենք, որ բարեփոխականների ներկայացուցիչ Հասան Ռուհանին Իրանի նախագահ է ընտրվել հունիսի 15-ին կայացած ընտրություններում: Վերջնական հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ քվեարկությանը մասնակցած 37 մլն ընտրողներից Ռուհանիի օգտին քվեարկել է 18,613 մլն մարդ (50,7 տոկոս):





























