Վերջին տարիներին Հայաստանում կրթության որակի առաջընթացն արձանագրում են նաեւ իրանցի ուսանողները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով դեսպանին` նախարարը շնորհավորել է Իրանի ժողովրդին` հրաշալի կազմակերպված նախագահական ընտրությունների կապակցությամբ: Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ երկու երկրներում անցկացված նախագահական ընտրությունները կնպաստեն` պետությունների միջեւ հարաբերությունների նոր էջի բացմանը: Նա իր գոհունակությունն է հայտնել, որ Իրանի դեսպանը միշտ ակտիվ աշխատում է Հայաստանի կրթական հաստատությունների հետ եւ լավ տեղեկացված է իրանցի ուսանողների խնդիրներով:
Արմեն Աշոտյանը նաեւ տեղեկացրել է, որ մի շարք հայաստանյան բուհեր ներկայումս անցնում են եվրոպական հավատարմագրման գործընթաց` կրթության որակի բարելավման ուղղությամբ իրականացնելով հետեւողական ջանքեր, որը, ըստ նախարարի, նպատակ ունի կրթությունը գրավիչ դարձնել նաեւ օտարերկրյա, այդ թվում` իրանցի ուսանողների համար:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել` իրանցի ուսանողների խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների, ինչպես նաեւ բուհերի ղեկավարների պատրաստակամության համար: Նա նաեւ նշել է, որ Իրանը գիտահետազոտական ոլորտում կուտակել է մեծ առաջընթաց եւ պատրաստ է իր փորձը փոխանցել բարեկամ երկրներին:
Կողմերը քննարկել են նաեւ հայ-իրանական համատեղ ուսումնական հաստատություն հիմնելու գաղափարը, որը, ըստ հանդիպման մասնակիցների, կարեւոր խնդիր է, քանի որ եթե առկա են կրթական եւ մշակութային կապեր, ապա շատ ավելի հեշտ են հաջողվում քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ դիպլոմների փոխճանաչման, ԵՊՀ-ում իրանագիտության զարգացման, աշակերտների եւ ուսանողների փոխայցելության, ինչպես նաեւ պարսկերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման նպատակով անհրաժեշտ դասընթացներ անցկացնելու հնարավորության եւ պարսկերենի նոր դասագրքերի տրամադրման հետ կապված հարցեր:





























