Շվեյցարիայի 18-ամյա բնակչուհի Ֆաննի Շլատերը լուրջ վնասվածքներ էր ստացել, երբ իր գրպանում պայթել էր Samsung Galaxy S3 սմարթֆոնը: Աղջիկն ընկերությանը դատի է տալիս: 

Մի քանի շաբաթ առաջ Ֆաննին հեռախոսը գնել էր  ընկերության խանութից: Սակայն նոր  Samsung Galaxy S3 սմարթֆոնը պայթել էր իր տաբատի գրպանում, եւ աղջիկն ստացել էր ոտքերի եւ ձեռքերի ուժեղ այրվածքներ, հաղորդում է Life News-ը:

Ըստ Շլատերի՝  հաշվված վայրկյանների ընթացքում նրա հագուստը բռնկվել էր: Տուժածին օգնության էին շտապել իր գործընկերները: Նրանք աղջկան տարել էին զուգարան եւ վրան ջուր լցրել, իսկ հետո տեղափոխել հիվանդանոց:  

Տեղի հիվանդանոցի բժիշկները տուժածի մոտ ախտորոշել էին ոտքերի եւ ձեռքերի բազմաթիվ այրվածքներ: Ֆաննին դիմել էր Samsung-ի ներկայացուցչություն: Ընկերության աշխատակիցը հայտնել էր, որ պայթած Galaxy S III-ն առաջիկայում կուղարկվի Կորեա՝ փորձաքննության: Ընկերության աշխատակիցը նաեւ բացատրել էր, որ սմարթֆոնի անսարքությունը կարող է կապված լինել դրա օգտագործման կանոնների խախտման հետ: