Եվրահանձնաժողովը հանկարծակի տեսչական այցեր է սկսել հեռահաղորդակցման եվրոպական առաջատար ընկերությունների գրասենյակներում: ԵՀ տեսուչները չծրագրավորված ստուգումներ են իրականացնում իսպանական Telefonica ընկերության գրասենյակներում, Deutsche Telekom-ում եւ ֆրանսիական Orange-ում:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, խոսքը բջջային ինտերնետի շուկայում գների կարգավորման վերաբերյալ նոր հակամենաշնորհային հետաքննության մասին է:
«Հանձնաժողովը մտավախություն ունի, որ վերոհիշյալ ընկերությունները կարող էին խախտել ԵՄ հակամենաշնորհային կանոնները, որոնք արգելում են չարաշահել շուկայում գերիշխող դիրքը»,-ասվում է ԵՄ հայտարարությունում, որը վկայակոչում է Reuters-ը:
Ընկերությունները կարող են տուգանվել ահռելի գումարներով` ԵՄ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար ընդհանուր եկամուտի 10 տոկոսով:





























