Թուրքիայում ավելի մեծ աջակցություն վայելող նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ ճանապարհների բաժանման համար Գեզի այգու իրադարձությունները հարմար առիթ էին։ Այս մասին գրել է Թեհրանի ռադիոյի թուրքական ծառայության կայքը։
Իրանական ռադիոյի «Կորած ընկերություն» հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ համատեղ անցած քաղաքական ուղղուն՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ վերջին շրջանում նրանց միջեւ առաջանում են լուրջ տարաձայնություններ որոշակի հարցերի շուրջ։
«Դեռեւս 2007-ին Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում առաջարկեց Գյուլին։ Իր հերթին Գյուլն էլ 2003-ին Էրդողանի համար հրաժարվել էր վարչապետի պաշտոնից, երբ վերջացել էր Էրդողանի դեմ դրված քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը, որից հետո վարչապետ դարձավ Էրդողանը։
Սակայն ներկայում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներսում հակասությունների ձայներ են լսվում։ Փորձագետները պնդում են, թե առաջիկայում Գյուլի եւ Էրդողանի միջեւ լուրջ մրցակցություն է սկսվելու։ Այդ մրցակցության առաջին նշաներն արդեն այժմ էլ երեւում են։
Երբ Գեզի այգու իրադարձությունների հետ կապված Էրդողանը ակտիվիստներին եւ ցուցարարներին մի բուռ թալանչի եւ ահաբեկիչ անվանեց, Գյուլը պնդեց, թե ժողովրդավարական հասարակության մեջ մարդիկ ունեն առարկելու իրավունք։
Իհարկե, դրանից առաջ էլ Էրդողանի եւ Գյուլի միջեւ որոշ անհամաձայնություններ եղել են, սակայն Գեզի այգու իրադարձություններն այդ հակասություններն առավել տեսանելի դարձրեցին։
Ժամանակին Էրդողանն ու Գյուլը շատ ջանքեր գործադրեցին՝ AKP-ն իշխանության գագաթին հասցնելու համար, իսկ հիմա Թուրքիայի առաջնորդի աթոռի համար մրցում են միմյանց հետ։
59-ամյա Էրդողանի եւ 63-ամյա Գյուլի միջեւ տարաձայնություններ կան նաեւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու եւ Անկարայում բողոքի ակցիաների անցկացման արգելքի որոշման շուրջ։
Այս քաղաքական գործիչներն հայտնի էին որպես քաղաքական իսլամում բարեփոխիչներ եւ միեւնույն ժամանակ մեկը մյուսից չառանձնացվող հատկությամբ։ Սակայն այժմ երեւում է, որ 2014-ի նախագահական ընտրությունների հետ կապված Էրդողանի եւ Գյուլի միջեւ հաշտությունը ճաքեր է տվել։ Իսկ Գեզի այգու հետ կապված բողոքի գործողությունների ընթացքում Էրդողանի վարկանիշն անկում է ապրել, իսկ Գյուլինը՝ բարձրացել»,-գրել է Թեհրանի ռադիոյի կայքը։





























