Տափակ թարթիչավոր որդերը զարմացրել են Թաֆթսի համալսարանի կենսաբանների խմբին: Գիտնակաները գիտափորձի ժամանակ որոշ հատուկ «վարժեցումներից» հետո  կտրել են որդերի գլուխները: Երկու շաբաթ անց նրանց մոտ կրկին աճել են գլուխները, ինչպես նաեւ վերականգնել վարժեցումների ընթացքում ձեռք բերած ունակությունները:

Հեղինակները որդերին տեղադրել են քարե հարթության մեջ, որի մի անկյունում սնունդ են դրել` նրանց խրախուսելու համար: Այդ անկյունը լուսավորված  է եղել, ինչը դժվարացրել է որդերի խնդիրը, քանի որ նրանք խուսափում են լույսից: Որդերը աչքեր չունեն, նրանց տեսողական ֆունկցիան կատարում են ֆոտոռեցեպտորները: Այդուհանդերձ, գիտնականներին հաջողվել է նրանց սովորեցնել սողալ դեպի սնունդը` անտեսելով լույսը, որից հետո էլ, երբ դադարել են վախենալ լույսից, կտրել են նրանց գլուխները:

Երկու շաբաթ անց արդյունքը զարմացրել է գիտնականներին. գլխի հետ միասին որդերը, պարզվել է, պահպանել են նաեւ «վարժեցումների»  ընթացքում ձեռք բերված ունակությունները: