Նեպտուն մոլորակի շուրջը եւս մեկ լուսին է պտտվում. մոլորակի նոր արբանյակը գրանցել է Hubble հեռադիտակը: Երկնային նոր մարմինը Նեպտունի հայտնի արբանյակներից 14-րդն է: NASA-ում այն անվանել են  S/2004 N 1:

Արբանյակը Նեպտունի լուսիններից ամենափոքրն է, դրա տրամագիծը 20 կմ է: Մոլորակի շուրջ արբանյակը մեկ պտույտը կատարում է 23 ժամում, հայտնում է   BBC-ի ռուսական ծառայությունը:

Ամերիկացի աստղագետ Մարկ Շովալտերը նախկինում անհայտ արբանյակը նկատել է Hubble աստղադիտակից ստացած Նեպտունի լուսանկարներում: Այն փոքր սպիտակ կետի տեսքով է եղել, որը նկատվել է 2004-2009թթ. ստացված  բոլոր 150 լուսանկարներում:

NASA-ն հայտնում է, որ արբանյակը 100 միլիոն անգամ  խամրած է անզեն աչքով երկնքում երեւացող ամենախամրած աստղից: Այն այնքան փոքր է, որ 1989թ. Նեպտունի կողքով թռչող Voyager տիեզերանավի համար աննկատ էր մնացել: