«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Պոդոլսկի ավտովթարի մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին ծաղրի ենթարկելու փաստի հետ կապված:
Հայտարարությունում մասնավորապես ասված է.
«Ռուսաստանի հարգելի քաղաքացիներ,
Մենք ցնցված ենք Նոր Մոսկվայում կատարված ահավոր ողբերգությունից եւ խորապես ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին եւ տուժածներին: Մենք սգում ենք ձեզ հետ միասին...
Ոչ պակաս վշտալի ու ցնցող էր այն ստորացուցիչ, ծաղրական եւ ոչ քրիստոնեական վերաբերմունքը, որը քրեական եւ դատական մարմինները ցուցաբերեցին Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ, ով նախնական կալանքի տակ է:
Հարությունյանի հանդեպ այդ զազրելի ծաղրի մասնակիցներն են շարքային ծառայողները, բուժանձնակազմը, իրավապահ մարմինների աշխատակիցները եւ ցածրաստիճան պաշտոնյաները: Այդ ծառայողները խախտել են միջազգային իրավունքի, ՌԴ Սահմանադրության եւ միջազգային կոնվենցիայի մի շարք դրույթներ:
Գիտակցության եւ ողջախոհության կոչ ենք անում: Այդ աննախադեպ ու ցնցող արարքը արատավորում է ուղղափառության ամրոց հանդիսացող երկրի ու ժողովրդի արժանապատվությունը:
Մենք ապավինում ենք համերաշխությանը: Կոչ ենք անում միանալ մեր պահանջին եւ հարգել մարդու բարոյական իրավունքներն ու արժանապատվությունը: Կոչ ենք անում միանալ մեր վճռական բողոքի ձայնին՝ ընդդեմ մարդու իրավունքների եւ քաղաքակիրթ էթիկայի կոպիտ խախտման:
Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի ժողովրդի համար հիմնավորապես անընդունել են բարբարոսությունն ու ռասիստական տրամադրությունները:
Մենք սպասում ենք, որ ռուսական իշխանությունները կապահովեն հետաքննության եւ դատաքննության արդար ընթացք, ինչպես նաեւ իրենց պարտքը կհամարեն ներողություն խնդրել ստորացման ենթարկված քաղաքացի Հարությունյանից եւ պատասխանատվության կենթարկեն այդ ամոթալի կառնավալը սադրողներին ու կատարողներին»:
Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով ձախ թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Հարությունյանը Բոտկինսկի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել:




























