Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ FTO գենի տեսակներից մեկը, որն առկա է մոլորակի ամեն վեցերորդ բնակչի օրգանիզմում, կտրուկ բարձրացնում է ճարպակալելու սպառնալիքը եւ «պատասխանատու է» մեծ փորի համար:

Հետազոտությունը վկայում է, որ FTO գենի բարձր մակարդակի նմուշի առկայությունը յուղոտ սնունդն ավելի գայթակղիչ է դարձնում իր կրողի համար եւ ավելացնում է «քաղցի հորմոնի»՝ գրելինի մակարդակը:

Ըստ գիտնականների՝ գիրությունը ժառանգական է, իսկ գենետիկ կոդը որոշիչ դեր է ունենում ճարպակալման հարցում: Որպես կանոն մարդիկ FTO գենի երկու կրկնօրինակ են ունենում, որոնք ռիսկի տարբեր մակարդակ են ունենում՝ բարձր եւ ցածր: Ում բախտը որ չի բերում այս գենի հարցում, նա 70%-ով ավելի հաճախ է ավելորդ քաշով տառապում, հայտնում է  NEWSru.co.il-ը:

Գիտափորձի ժամանակ գենի՝ գիրության հակված երկու տեսակների կրող տասը մարդկանց եւ գենի այլ երկու կրկնօրինակները կրող նույն թվով մարդկանց միատեսակ սնունդ են տվել, գրում է New Scientist-ը:

Առաջին խումբը 20-25% ավելի քաղցած է եղել, քան երկրորդը: Նրանց արյան մեջ գրելինի պարունակությունը նույնքան բարձր է եղել: