Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի Ռեսուլայնի շրջանում տեղի զինված քրդերի հետ բախումների հետեւանքով վիրավորված սիրիացի զինյալները անվտանգության խիստ միջոցառումների ներքո բուժում են ստանում Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Ջեյլանփընարի պետական հիվանդանոցում։

Ինչպես տեղեկացնում է թուրքական OdaTV կայքը՝ վկայակոչելով Ուրֆա նահանգի Ջեյլանփընարի պետական հիվանդանոցի իր աղբյուրներին, իրենց «Սիրիական ազատ բանակ» կոչող զինված խմբավորման անդամները Ռեսուլայնի շրջանում բախման մեջ են մտել տեղի քրդերից կազմված PYD-ի զինյալների հետ։

Նշվում է, թե բախման հետեւանքով վիրավորված սիրիացի զինյալներին տեղափոխել են Ջեյլանփընարի պետական հիվանդանոց։ Հիվանդանոցի աշխատակիցները պնդել են, թե ոստիկանությունը հիվանդանոցի շուրջ անվտանգության միջոցառումներ է իրականացնում, քանի որ բնակչությունը խիստ բարկացած է սիրիացի զինյալների վրա, որոնց պատճառով արդեն մի քանի երեխա հրազենային վնասվածքներ են ստացել։