Բջջային համարների տեղափոխելիությունը (MNP- Mobile number portability) կսրի մրցակցությունը բբջային կապի շուկայում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական Ինտերնետ Տրաֆիկի Փոխանակման հիմնադրամի» (Armix) տնօրեն Վահան Հովսեփյանը: Նրա խոսքով` բջջային օպերատորները ստիպված կլինեն ավելի որակյալ ծառայություններ մատուցել, մարկեթինգային նոր պրոդուկտներ առաջարկել, որպեսզի չկորցնեն բաժանորդներին:

Վ. Հովսեփյանի համոզմամբ` համարների տեղափոխելիության ժամանակ բաժանորդների համար ոչ մի տեխնիկական խնդիր չի առաջանա, լրացուցիչ ծախսեր չեն լինի: Սակայն ծախսեր կառաջանան օպերատորների համար: Մասնավորապես` պետք է ստեղծել հատուկ կենտրոնացված բազա, որի օպերատորը պետք է առանձին լինի` հնարավոր է հրավիրվի դրսից: Ընդհանուր առմամբ` MNP-ի նախապատրաստումը կարժենա 2-4 մլն դոլար: Բացի այդ` MNP –ի պատճառով բջջային կապի օպերատորները լրացուցիչ ծախսեր են կատարում սպասարկման նպատակով: Եվրոպական երկրներում այդ ծախսը տատանվում է յուրաքանչյուր բաժանորդի համար տարեկան 3-13 ցենտի սահմաններում, կախված նրանից, թե տվյալ երկրում քանի բջջային բաժանորդ կա: Քանի որ Հայաստանը փոքրաթիվ բնակչություն ունի, ըստ Վ. Հովսեփյանի` ամենայն հավանականությամբ օպերատորների ծախսը յուրաքանչյուր բաժանորդի գծով կկազմի տարեկան 15 ցենտ:

Հարցին, թե MNP-ի ներդրումից հետո հնարավո՞ր է նախապես իմանալ, թե ո՞ր օպերատորին ես զանգում (սա կարեւոր է տարաբնույթ սակագնային փաթեթներից օգտվելու դեպքում, երբ տվյալ ցանցի ներսում սակագները էապես ցածր են), Վ. Հովսեփյանն ասաց, որ այդպիսի տեխնիկական հնարավորություններից տեղյակ չէ: