Բջջային օպերատորին ընտրելու իրավունքը կսրի շուկայում առկա մրցակցությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայկական ինտերնետ-թրաֆիքի փոխանակման հիմնադրամի տնօրեն Վահան Հովսեփյանը: Նրա խոսքով՝ բջջային օպերատորները ստիպված կլինեն տրամադրել առավել որակյալ ծառայություններ՝ բաժանորդներին չկորցնելու համար:

Հովսեփյանի կարծիքով՝ հեռախոսահամարը մի օպերատորից մյուսին փոխանցելը բաժանորդներին տեխնիկական անհարմարություններ եւ ծախսեր չի պատճառի: Սակայն լրացուցիչ ծախսեր ստիպված կլինեն կատարել օպերատորները: Մասնավորապես, անհրաժեշտ կլինի ստեղծել կենտրոնացված բազա, որի օպերատորը պետք է առանձին լինի, հնարավոր է՝ օտարերկրյա: MNP-ն ներդնելու նախապատրաստությունն, ընդհանուր առմամբ, կարժենա 2-4 մլն դոլար:

Բացի այս, MNP-ի պատճառով բջջային կապի օպերատորները սպասարկման համար լրացուցիչ ծախսեր կիրականացնեն: Եվրոպական երկրներում այդ ծախսը տատանվում է տարեկան մեկ բաժանորդի համար 3-13 ցենտի սահմաններում՝ կախված նրանց ընդհանուր քանակից: Քանի որ Հայաստանի բնակչությունը մեծ չէ, ապա, Հովսեփյանի կարծիքով, օպերատորների ծախսը, ամենայն հավանականությամբ, տարեկան մեկ բաժանորդի համար կկազմի 15 ցենտ: