Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում հուլիսի 17-ին տեղի է ունեցել Ավստրալիայի Միության Նոր Հարավային Ուելս նահանգի Խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հանդիպումը ԱԺ պատգամավորական կազմի, դատական եւ գործադիր իշխանությունների ղեկավար անձնակազմի, երկրի քաղաքական կառույցների եւ ուժերի ներկայացուցիչների հետ։
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե պատվիրակությունն Արցախ է ժամանել նախօրյակին՝ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների ուղեկցությամբ, կարճատեւ ճանաչողական այցով։
Նախքան այդ, պատվիրակության անդամներին ընդունել էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ առանձնազրույց ունենալով նրանց հետ։
Ավելի լայն կազմով հանդիպմանը ԼՂՀ իշխանությունների եւ, մասնավորապես, Ազգային ժողովի անունից հանդես գալով ողջույնի խոսքով, ԱԺ նախագահը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց ավստրալացի հյուրերին՝ Նոր Հարավային Ուելս նահանգի Խորհրդարանի անդամ, հայ-ավստրալական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օ՛Դիին, Օրենսդիր խորհրդի անդամ, վարչապետի խորհրդարանական քարտուղար Մարի Ֆիկարային, նահանգի տրանսպորտի նախարար, կառավարության ավագ նախարար, Խորհրդարանի անդամ Գլադիս Բերեջիկլյանին, Օրենսդիր խորհրդի անդամ, Օրենսդիր խորհրդի նախագահ-օգնական Ֆրեդ Նայլին, Օրենսդիր խորհրդի անդամ, Օրենսդիր խորհրդի ընդդիմադիր քարտուղար Ամանդա Ֆացիոյին, Օրենսդիր խորհրդի անդամ, Խորհրդարանի արդարադատության գծով քարտուղար Դեվիդ Կլարկին։
Միաժամանակ, նա ողջունել եւ շնորհակալություն է հայտնել այցի նախաձեռնողներին ու կազմակերպիչներին՝ ավստրալահայ քաղաքական գործիչներ՝ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի պատվավոր նախագահ Գրեգ (Գրիգոր) Սողոմոնյանին, նույն հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Կահրամանյանին եւ ավստրալահայ համայնքի հետ կապերի գծով ղեկավար Ստեփան Աբուլաքյանին, պատվիրակությանն ուղեկցող անձանց՝ Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարուժան Իսկենդերյանին եւ ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ավստրալիա բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Շուշան Պետրոսյանին։
Մեզ համար, ասաց նա, չափազանց կարեւոր է եւ, կարծում եմ, այսօր հարմար առիթ է եւս մեկ անգամ մեր գոհունակությունը հայտնելու Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնին՝ տիկին Մարի Ֆիկարայի առաջարկած հայտնի բանաձեւը 2012թ. հոկտեմբերի 25-ին միաձայն ընդունելու համար, բանաձեւ, որով ճանաչվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ԼՂՀ անկախությունը։ Նշելով, որ Ավստրալիայի Նոր հարավային Ուելսի Խորհրդարանը հայկական հարցերի ամենաակտիվ ջատագովներից է, ԱԺ նախագահը հիշեցման կարգով արձանագրեց, որ դեռեւս 1997թ. նահանգի Խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին առաջարկը, ինչը վերահաստատել է 2013թ.։ Բացի այդ, 1998-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար-հուշարձան է տեղադրվել նահանգի Խորհրդարանի Խաղաղության այգում։
Համոզված եմ, ընդգծեց խորհրդարանի նախագահը, որ մեր այսօրվա հանդիպումը, ճանաչողականից բացի, ունի նաեւ ապագա համագործակցության հիմքեր ձեւավորելու նշանակություն։ Նրա խոսքով. «Եվ տարածությունն այստեղ չի կարող խոչընդոտ լինել. մեզ միավորում է արժեքային նույն համակարգը եւ ուզում եմ Արցախի խորհրդարանի պատգամավորական կազմի անունից մեր գործընկերներին փոխանցել ժողովրդավարական արժեքների հիմքով փոխգործակցություն զարգացնելու մեր պատրաստակամությունը»։
Հանդիպմանը շնորհակալության եւ գոհունակության, հետագա շփումների անհրաժեշտության, Նոր Ուելս-Արցախ խորհրդարանական փոխգործակցության վերաբերյալ հավաստիացման խոսքով ելույթ ունեցան նաեւ պատվիրակության անդամները։
«Չնայած մենք բավական երկար ճանապարհ ենք կտրել այստեղ հասնելու համար,- ասել է պատվիրակության ղեկավար Ջոնաթան Օ՛Դին.-կարծում ենք՝ մեր միջեւ ընկած այս տարածությունն այնքան էլ մեծ չէ։ Մանավանդ, նշեց նա, լինելով Արցախում գրեթե մեկ օր՝ ավելի քան քսան ժամ, արդեն իսկ սկսում ես համակվել բարեկամական զգացումով։ Նրա խոսքով՝ պատվիրակության մեջ ընդգրկված են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք այլեւայլ հարցերում երբեմն համամիտ չեն, բայց ահա «բոլորս էլ միաձայն ենք Լեռնային Ղարաբաղի խնդրում»։
Գլադիս Բերեջիկլյանի խոսքով՝ ծնված լինելով Ավստրալիայում, բայց որպես ազգությամբ հայ իր համար հոգու պարտք ու պարտականություն է ներկա գտնվել այստեղ։ Միեւնույն ժամանակ, նշեց նա, խորհրդարանի իմ գործընկերները, չլինելով ազգությամբ հայ, այնուամենայնիվ, իրենց զգում ու մտածում են հայի պես՝ մեծապես շահագրգռված լինելով Ղարաբաղի հիմնախնդիրների լուծմամբ։
«Չնայած մենք ժամանել ենք շատ հեռուներից՝ Ավստրալիայից, բայց Արցախն ու Հայաստանը, հայ ժողովրդի ճակատագիրը մշտապես մեր սրտերում են»,- ասաց Մարի Ֆիկարան։ Նրա խոսքով. «Չնայած ընդամենը քսանմեկ տարի է, ինչ անկախ եք, բայց այդ կարճ ժամանակամիջոցում դուք արդեն մեծ ձեռքբերումներ եք արձանագրել, ինչով մենք նույնպես հպարտանում ենք»։ Ձեր ժողովուրդը, նշեց նա, հնուց ի վեր է ապրում այս հողի վրա եւ դեռ հազարամյակներ շարունակ ապրելու է այստեղ։ «Դուք քրտինք թափելով արարել, կերտել եք ձեր պատմական հայրենիքը, ու մենք ճանաչում ենք այդ իրողությունը, խորապես համոզված, որ այն ամենը, ինչ գտնվում է այս հողի վրա, պատկանում է միայն ու միայն ձեզ, եւ դուք իրավունք ունեք այն պաշտպանելու։ Ես համոզված եմ, որ քաղաքակիրթ, ժողովրդավար երկրները երկրները կճանաչեն ձեր այդ իրավունքը»,- ընդգծեց ավստրալացի խորհրդարանականը։ Նրա հավաստմամբ՝ Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը սատարող բանաձեւի ընդունումն ընդամենը սկզբնակետն է դրել մի գործընթացի, որն անպայման իր շարունակությունը կունենա, ինչպես դա ներկայումս տեղի է ունենում այլ երկրների նահանգներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։
Խոսքի ավարտին տիկին Մարի Ֆիկարան պատվիրակության եւ Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանի անունից ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին հանդիսավորապես հանձնեց հուշատախտակ՝ անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին նահանգային օրենսդիր մարմնի ընդունած բանաձեւի արձանագրությամբ։
Ընդունելով հուշատախտակը, ԱԺ նախագահը հանդես եկավ շնորհակալության ու երախտագիտության պատասխան խոսքով՝ այդ իրողությունը գնահատելով որպես հարգանքի լավագույն տուրք Արցախի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հազարավոր հայրենակիցների հիշատակին։
Վերջում ելույթ է ունեցել Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Վաչե Կահրամանյանը՝ հավաստիացնելով, որ Ավստրալիայի հեռավոր ափերում իրենք կշարունակեն աշխատանքը հանուն հայ ազգի, հանուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ հանուն այն օրվա, երբ աշխարհը միաձայն կճանաչի այս հպարտ պետությունը։ Սփյուռքը, ընդգծել է նա, մշտապես պատրաստ է ցանկացած ձեւով օգտակար լինել հզոր Հայաստանին եւ հզոր Արցախին։
Հանդիպման ավարտին, ամփոփելով միջոցառումը, ԱԺ նախագահը, մասնավորապես, որպես հետաքրքիր արձանագրում, նշել է. «Մինչեւ 2012թ. հոկտեմբերը Ավստրալիայի Միության Նոր Հարավային Ուելս նահանգի, առավել եւս՝ նրա օրենսդիր մարմնի մասին Արցախում շատ քչերը գիտեին: Այսօրվանից մեր հանրապետության ամենահեռավոր գյուղերում ոչ միայն կիմանան ամենահարավային աշխարհամասի ամենամեծ նահանգի ու նրա կառույցների մասին, այլեւ կհշեն նահանգի օրենսդիր մարմնի պատգամավորների անունները»:
Վերստին շնորհակալություն հայտնելով ավստրալացի հյուրերին հետաքրքիր հանդիպման, արտահայտած ջերմ խոսքերի եւ ուշագրավ գաղափարների համար, խորհրդարանի նախագահը հավաստիացրեց, որ ԼՂՀ թե ժողովուրդը եւ թե իշխանություններն ուրախ կլինեն նորից ու նորից հյուրընկալել մեր բարեկամներին, այստեղ՝ արցախյան հողում։
Նույն օրը, ավարտելով այցի ծրագիրը, պատվիրակությունը մեկնեց Երեւան։




























