Ամերիկյան  SpaceX ընկերության տնօրեն Էլոն Մասքը պատրաստվում է ներակայացնել նոր նախագիծ Hyperloop-ը`  «ապագայի տրանսպորտ» համակարգը, որն ի վիճակի է զարգացնել մինչեւ 6,4 հազար կմ/ժ արագություն:

Թե ինչ է իրենից ներկայացնում Hyperloop-ը, դեռ դժվար է հասկանալ, սակայն Մասքի թվիթերում ասվում է, որ  դա տեղաշարժվելու «սուպերֆուտուրիստական մի փոքր խենթ» մեթոդ է, հայտնում է versii.com-ը:

Մասքը համակարգը բնութագրել է որպես «"Կոնկորդի", էլեկտրամագնիսական ռելսային թնդանոթի եւ սեղանի հոկեյ խաղի մագնիսական դաշտի  սինթեզ»: Ըստ գնահատականների` ԱՄՆ-ում նման տրանսպորտային միջոցը կարժենա 70 միլիարդ դոլար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Ըստ մամուլում հայտնված տվյալների` նոր նախագծի գործունեության սկզբունքը նման է օդաճնշական խողովակի աշխատանքին: Համակարգը երկրի վրա կամ ջրի տակ տեղակայված բազմաթիվ խողովակաշարերից է կազմված, որոնցով երթեւեկելու են ուղեւորատար կապսուլները, որոնք նախատեսված են վեց մարդու համար եւ ի վիճակի են զարգացնել 6,4 հազար կմ/ժ արագություն: Այդպիսով, Լոս Անջելեսից Նյու Յորք օդանավով վեց ժամվա փոխարեն կարելի է հասնել 45 րոպեում: 

Ընկերությունը նախատեսում է ստեղծել  Evacuated Tube Transport ցանց, որը կգրավի ԱՄՆ-ի ամբողջ տարածքը: Համակարգի առաջին փորձարկումները կարող են տեղի ունենալ  արդեն 2013թ. վերջին` Կոլորադո նահանգում: 

Էլոն Մասքը հայտնել է, որ նախագծի մանրամասների մասին կհայտնի օգոստոսի 12-ին: