Ռուսական «Պրոտոն-Մ» հրթիռը, որը կործանվել է մեկնարկից մի քանի վայրկյան անց, գրեթե դատապարտված է եղել դրան: Սխալը թույլ են տվել այն հավաքելիս՝ նման եզրակացության են եկել Տիեզերական դաշնային գործակալության մասնագետները:
Համալիր հետազոտության արդյունքում փորձագետները սահմանել են, որ անկյունային արագության ցուցիչները 180 աստիճանով շրջված են եղել: Դրա արդյունքում հրթիռի կառավարման համակարգը սխալ տվյալներ է ստացել կողմնորոշման վերաբերյալ, գրում է «Կոմմերսանտը»:
Հատկանշական է, որ հուլիսի 12-ին Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հերքել է «Պրոտոն-Մ»-ի՝ մարդկային գործոնի ազդեցությամբ կործանվելու վարկածը: Այն ժամանակ նա հայտարարել էր, որ նմանատիպ համակարգեր պատրաստելիս կիրառվում է այնպիսի պաշտպանություն, երբ անհնար է ագրեգատները սխալ միացնել: Ինչպես պարբերականն է գրում, ամենայն հավանականությամբ, այս դեպքում, այդ սկզբունքը չի գործել:



























