Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարությունը մշակել է գիտական աստիճաններ շնորհելու նոր կանոններ, որոնց միջոցով հնարավոր կլինի խուսափել գրագողությունից:

Մասնավորապես՝ դիսերտացիաները, դեռեւս նախքան պաշտպանությունը, կհրապարակվեն ինտերնետում: Տեքստերից բացի, ցանցում կտեղադրվեն նաեւ ընդդիմախոսների եւ դիսերացիոն խորհրդի անդամների մասին տեղեկություններ: Հաջող պաշտպանության դեպքում, թեկնածուական դիսերտացիայի տեքստը ինտերնետում կմնա 5 ամիս, դոկտորականը՝ 8:

Միեւնույն ժամանակ գիտական աշխատանքների բովանդակությունը բողոքարկելու ժամանակահատվածը 3 տարուց դարձել է 10 տարի: Այն դեպքում, երբ գիտական աշխատանքում բողոքարկման արդյունքում լուրջ թերություններ հայտնաբերվեն, այն արտոնած դիսերտացիոն խորհրդի անդամները կհեռացվեն իրենց պաշտոններից:

Ընդ որում, նախարարությունը որոշում է կայացրել, որ այժմ թեկնածուական դիսերտացիա պաշտպանելու համար անհրաժեշտ է առնվազն 2 հրապարակված գիտական հոդված, իսկ դոկտորական դիսերատացիայի համար՝ 10-ից ոչ պակաս: Ընդ որում, կթույլատրվի դիսերտացիաները պաշտպանել օտար լեզվով, գրում է «Կոմերսանտը»: