«Բաց Խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնության երկրորդ մրցութային փուլը տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը 11:00-ին, «Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամում»: Այդ մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:
Առաջնությանը պարբերաբար միանում են նոր թիմեր, քանի որ առաջնության գրանցումը դեռեւս բաց է, եւ ցանկացողները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց խաղը մինչեւ հունիսի 30-ը: Վաղօրոք գրանցվողները հնարավորություն կունենան պարբերաբար հանդիպել ժյուրիի մրցույթի ժյուրիի անդամների հետ եւ ստանալ խորհուրդներ խաղերի հետագա զարգացման վերաբերյալ:
Առաջնությունում գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել www.opengame.am կայք, առցանց լրացնել մասնակցության հայտը կամ բեռնել այն եւ լրացնելուց հետո ուղարկել [email protected] էլ. հասցեին` նամակի վերնագրի տողում նշելով` «Open Game» contest application:
Այս տարի առաջնության մրցանակային ֆոնդը 1.700.000 դրամ է: Այն կբաշխվի հետեւյալ անվանակարգերում` լավագույն խաղ, լավագույն բջջային խաղ, լավագույն Game Play (սցենար), նորարարություն, լավագույն դիզայն, լավագույն կերպար, լավագույն 3D լուծում, պատանիների առաջնություն- Junior, ժողովրդական մրցանակ:
Մրցութային 2-րդ փուլին կարող են ներկա գտնվել ոլորտով հետաքրքված բոլոր ցանկացողներն ու ծանոթանալ համակարգչային եւ բջջային խաղերի հայկական աշխարհին:
Առաջնությունն արդեն երրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) եւ «Orange Արմենիա» ընկերության կողմից: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման ոլորտը:





























