Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս Իրանի հետ տնտեսական համագործակցության ներուժին: Այս մասին, հուլիսի 20-ին, հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը՝ հանդես գալով Երեւանում կայացած Իրան-Հայաստան առեւտրային ֆորումի ժամանակ: Ինչպես հաղորդում է իրանական Fars գործակալությունը, հայ պաշտոնյան ընդգծել է ողջ ներուժն օգտագործելու կարեւորությունը՝ Իրանի հետ առեւտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման համար:
Նրա խոսքով՝ այդ ներուժի օգտագործումն անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի էլ ավելի ամրապնդվի համագործակցությունը երկու երկրների միջեւ: «Իրանը Հայաստանի 5-րդ առեւտրային գործընկերն է եւ երկու երկրների միջեւ առեւտրային գործողությունների ծավալը գնահատվում է տարեկան 300 մլն դոլար»,-նշել է Պետրոսյանը: Նա կոչ է արել երկու կողմերին ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի այդ ծավալը կրկնապատկվի:
Նշենք, որ առեւտրի ոլորտում իրանցի եւ հայ պաշտոնյաները Երեւանում կայացած հանդիպմանը առեւտրային համաձայնագիր են կնքել, որը ստորագրել են Երեւանի եւ Թեհրանի առեւտրային պալատների ներկայացուցիչները:





























