Թեհրանը չունի հրթիռային միջոցներ, որոնք ունակ են հասնել Եվրոպա, էլ չասած ԱՄՆ-ի տարածքի մասին: Նման տեսակետ է հայտնել Ռուսստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգեր տեղակայելու մասին: Նա կոչ է արել չմոռանալ, որ այդ հրթիռները 2020 թվականին կարող են հարվածել ռուսական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներին: «Ակնհայտ փաստ է, որ այս պահին Իրանը չի սպառնում ոչ եվրոպական երկրներին, ոչ ԱՄՆ-ին: Դա նրան ուղղակի ձեռնտու չէ: Բացի այդ, Թեհրանը չունի եւ կանխատեսելի ապագայում չի ունենա այնպիսի հրթիռներ, որոնք հասնեն Եվրոպա, էլ չասած ԱՄՆ-ի մասին»,- հայտարարել է Լավրովը:
Նա նաեւ ընդգծել է, որ ժամանակավրեպ է այս պահին խոսել Ռումինիայում եւ Բուլղարիայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղակայմանը Ռուսաստանի պատասխանի մասին, քանի որ այդ համակարգերի տեղակայման հարցը դեռ վերջնականապես որոշված չէ:
«ԱՄՆ վարչակազմը հայտարարում է, որ հակահրթիռային համակարգերի տեղակայումը Եվրոպայում ուղղված չէ Ռուսաստանի դեմ, սակայն այդ համակարգերի իրական պոտենցիալի մասին մենք կարծիք կկազմենք ոչ թե նրանց խոսքով, այլ դրանց կոնկրետ ռազմա-տեխնիկական պարամետրերից ելնելով: Մեզ համար անթույլատրելի է նաեւ, որ այդ համակարգերը սպառնալիք ներկայացնեն միջուկային զսպման ռուսական պոտենցիալին»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:



























