Apple-ի մշակողների կայքի վրա հաքերային հարձակման համար պատասխանատվությունը իր վրա է վերցրել IT ոլորտի մասնագետ Իբրահիմ Բալըքը, հաղորդում է The Guardian պարբերականը՝ վկայակոչելով հաքերի հայտարարությունն իր թվիթթերում:

Ավելի վաղ Apple-ը հայտարարել էր, որ ընկերության կայքը հարձակման է ենթարկվել անհայտ հաքերների կողմից, որոնք, հնարավոր է, կարողացել են ստանալ մշակողների անունները, նրանց էլեկտրոնային հասցեներն ու էլեկտրոնային փոստի պարունակությունը:

Բալըքի խոսքով՝ իր նպատակն էր ստուգել ռեսուրսի խոցելիությունը հարձակումների նկատմամբ: Որպես հաձակմանը մասնակից լինելու ապացույց՝ Բալըքը Youtube-ում ներկայացրել է նաեւ տեսանյութ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ կայքն անհասանելի էր հուլիսի 19-ից, ինչը բացատրվում էր տեխնիկական թերություններով: Ավելի ուշ Apple-ը հայտարարել էր հաքերային հարձակման մասին, որի արդյունքում կարող էին գողացվել 275 հազար գրանցված մշակողների տվյալներ, գրում էր Digit.ru-ն:

Բալըքը պնդում է, որ Apple-ից որեւէ պատասխան չի ստացել՝ իր կողմից հայտնաբերված խոցելի կողմերի վերաբերյալ հաղորդագրությանը: