Ուլտրաձայնային ազդանշանների հաղորդումը գլխուղեղի որոշակի հատվածների փոխում է մարդու տրամադրությունը: Այս մասին հայտարարել են Արիզոնայի համալսարանի գիտնականները, գրում է The Times of India-ն: Նրանք հույս ունեն, որ այդ մեթոդը կարող է կիրառվել հետագայում դեպրեսիայից բուժման ժամանակ:
Հետազոտության հեղինակը անեսթեզիոլոգ, նեյրոկենսաբան, Արիզոնայի համալսարանի գիտակցության ուսումնասիրման կենտրոնի պրոֆեսոր Սթյուարթ Համերոֆն է: Նա առաջին անգամ մարդու տրամադրության վրա ուլտրաձայնային ազդանշանների ազդեցությունն ուսումնասիրող կլինիկական հետազոտություն է իրականացրել: Գիտնականների թիմը սկզբում ցանկացել է թեսթ անցկացնել կամավորների վրա, սակայն պրոֆեսորը որոշել է սկզբում փորձն իր վրա կիրառել:
«Ուլտրաձայնային ազդանշանների ազդեցության 15-րդ վայրկյանին ես ոչ մի փոփոխություն չզգացի եւ որոշեցի, որ մեթոդը չի աշխատում, բայց մի քանի րոպե անց իրավիճակը փոխվեց: Զգացողություն ունեի, թե ալկոհոլ եմ խմել»,-պատմել է պրոֆեսորը՝ հավելելով, որ այդ ազդեցությունը տեւել է 1-2 ժամ, հաղորդում է РБК-ն:
Հետո փորձագետները ներգրավել են 31 կամավորների, որոնք տառապել են խրոնիկ ցավերից: Փորձարկումը հաստատել է ենթադրությունը, որ ուլտրաձայնային ազդանշանները փոխում են մարդու տրամադրությունը:





























