«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզում այսօր՝ հուլիսի 23-ին, մեկնարկել է «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագիրը՝ խմբակավարների վերապատրաստման մեկամսյա դասընթացներ: Այդ մասին տեղեկացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Մարզերից ժամանած 55 խմբակավար ձեռք կբերի երեխաներին ռոբոտաշինություն դասավանդելու համապատասխան հմտություններ: Դասընթացները կանցկացնեն «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սայմոտեկ» ընկերությունները եւ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը:
Ծրագիրը համակարգելու, ընդլայնելու եւ ունեցած փորձը բոլոր դպրոցներում կիրառելու նպատակով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության, «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ Քաունթերփարթ Ինթերնեշնլ ծրագրի, «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սայմոտեկ» ընկերությունների եւ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի միջև: Հուշագիրը բաց է նույն նպատակը հետապնդող եւ ծրագրին միանալ ցանկացող յուրաքանչյուր կազմակերպության համար:
Նշենք, ոոր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն Հայաստանի» եւ «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի» հետ համագործակցությամբ նախաձեռնել է ռոբոտաշինության խմբակների ստեղծում` Հայաստանի 55 դպրոցում: Դպրոցական խմբակների դասընթացների մեկնարկն աշակերտների համար կտրվի 2013 թ. սեպտեմբերին:





























