Արարատի մարզի Դարակերտ գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու հարվածի հետեւանքով 6-րդ դասարանի աշակերտը կորցրել է տեսողությունը 90 տոկոսով, եւ այն այլեւս ենթակա չէ բուժման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց աշակերտի` Գեւորգ Սարուխանյանի մայրը` Գայանեն:
Նա նշեց, որ Գեւորգը սովորում է Դարակերտի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում, մարտին մաթեմատիկայի ուսուցչուհին` Սուսաննա Գալոյանը, 3 թերթ գրավոր է հանձնարարել: Առաջադրանքը բարդ է եղել, եւ տանը մի թերթը գրել են, երկու թերթը չեն կարողացել գրել եւ երեխան այդպես գնացել է դպրոց: «Մանկավարժը ասում է` Գեւորգ, ինչի՞ չես գրել, ասում է` չկարողացա գրել, նա ասում է` ոտքի կանգնի: Երեխան կանգնում է, ինքը մոտենում է, ձախ ձեռքի մատանին շուռ է տալիս եւ ուժեղ հարվածում է: Երեխան լաց է լինում, նստում է, ուզում է պայուսակից ջրի ամանը հանել, որ ջուր խմի, ուսուցիչը նորից մոտենում է, ասում` ես քեզ պատժում եմ, պետք է ջուր էլ չխմես: Երեխան լաց է լինում ամբողջ ժամին, 45 րոպե չի թողնում որեւէ բանից օգտվի, դա բոլորը նկատել են: Երեխաս եկավ տուն լացելով, նկատեցինք` ինչ է կատարվել, հարցրեցի, իմացա, որ շատ ջղային, կոպիտ կին է, բոլորին ծեծում է, մտածեցի` գնամ դպրոց որեւէ բան ասեմ, ոչ մի արդյունք չեմ ունենա»,- պատմեց մայրը:
Միջադեպից հետո անցել են ամիսներ, եւ օրերից մի օր Դարակերտի դպրոց բժիշկներ են եկել` աշակերտների աչքերը ստուգելու համար: Ադ ժամանակ նրանք Գեւորգի մոտ տեսողական խնդիրներ են հայտնաբերել, սակայն տղան տանը ոչինչ չի ասել: Այդ ստուգումից անցնում է մի ամիս, եւ Գայանեին դպրոցից տեղյակ են պահում, որ երեխայի մոտ աչքի լուրջ խնդիր կա, պետք է տանել ստուգման: Ծնողները Գեւորգին տանում են ստուգման Մալայանի անվան ակնաբուժության կենտրոն, որտեղ բժշկուհին հայտնում է, որ երեխայի աչքի տեսողությունը իջել է մինչեւ 10 տոկոս, գլխի շրջանում` քունքի կողքը, հարված է ունեցել, թաղանթը մահացել է, ինչը անբուժելի հիվանդություն է: «Հետո սկսեցին երեխային հարցուփորձ անել բժշկի ներկայությամբ, թե ով է քեզ խփել եւ այլն, ապա կամաց-կամաց հիշեցինք, որ մարտին նման բան էր կատարվել, մի քանի օր երեխայի գլուխը ցավում էր,աչքը կարմրել էր,եկանք այն եզրակացության, որ հենց այդ հարվածն է եղել, քանի որ մեր երեխան շատ խելոք է: Երեխան 90 տոկոսով տեսողությունը կորցրել է»,- ասաց մայրը` հավելելով, որ իրենք ունեն բոլոր բժշկական փաստաթղթերը:
Դրանից հետո, ուսուցչուհին այցելել է երեխային,հարցուփորձ արել, եւ Գեւորգը պնդել է, որ հենց նրա հարվածից է եղել: Ծնողի պատմելով`մանկավարժը նեղվել է պատասխանից: «Ասաց` ճիշտ է, ես խփել եմ երեխուն, տվեք Գեւորգին տանեմ բուժեմ, փողը կտամ: Ասացինք` չէ, երեխան բուժվելու տարբերակ չունի, բժշկին առաջարկել ենք նույնիսկ դուրս տանել, ասել է, որ իզուր գումար մի ծախսեք, հիվանդությունը ենթակա չէ բուժման: Ինքը նեղվեց,ասաց` չէ, ես լավ մանկավարժ եմ, հնարավոր չի, էդպես թողեց, գնաց: Գնացինք դպրոցի տնօրենի մոտ, մանկավարժի ամուսինը եկավ, թե եթե իմ կնոջ հարվածով է, ես կբուժեմ, փողը կտամ, ամեն ինչ կանեմ, մենք էլ չհամաձայնեցինք, ասացինք, որ քո կինը պետք է դպրոցից դուրս գա, իրավունք չունի աշխատելու: Նրանք չհամաձայնեցին, ասացին, թե 62 տարեկան է, պետք է մի տարի էլ աշխատի, նոր դուրս գա, գնա թոշակի, դուրս չի գա դպրոցից,: Ասացինք մի ամիս ժամանակ ենք գալիս, ամուսինը գումար առաջարկեց դեղերի, բուժման համար` փոխարենը խնդրելով կնոջ անունը դուրս չգա, որ չիմանան, որ իր ձեռքով է եղել, բայց մենք չհամաձայնեցինք»,- պատմեց Գայանեն:
Այդպես անցել է մեկ ամիս, բայց ուսուցիչը շարունակում է աշխատել, իսկ գյուղում լուրեր են տարածվել, թե մանկավարժը օգնել է, փող է տվել ընտանիքին, դրա համար չեն բողոքում: Գեւորգի հայրն էլ գնացել, բողոքել է ոստիկանությունում, որ «մանկավարժի ձեռքով երեխայի աչքի տեսողությունը կորել է»: Այժմ քրեական գործ է հարուցվել, հարցաքննել են թե երեխային, թե ծնողներին:
Գայանեն նաեւ պատմեց, որ մինչեւ իրենց գյուղ գալը Սուսաննա Գալոյանը աշխատել է հարեւան գյուղերից մեկի` Նորաբացի դպրոցում, սակայն տնօրենը նրան հեռացրել է մեկ այլ երեխայի ծեծելու համար: Այժմ իրենց գյուղում եւս կան այլ ծնողներ, որոնք դժգոհ են մաթեմատիկայի ուսուցչուհուց, քանի որ նա կոպիտ է, երեխաներին ծեծում է, նրանք բողոքել են, բայց ոչ մի արդյունքի չեն հասել, ուսուցչուհին ասել է, թե իմ մեթոդը դա է:
Ներկայումս Գեւորգն օրական չորս հաբ դեղ է խմում, չորս անգամ էլ դեղ են կաթացնում աչքին, հայտնի չէ` ինչքան կտեւի բուժումը, այս ամենը անում են, որ գոնե դեղորայքով պահպանեն տեսողության 10 տոկոսը, այն այլեւս վերականգնել հնարավոր չէ, թաղանթը մահացել է եւ բուժման ենթակա չէ:
NEWS.am-ը զանգահարեց նաեւ Սուսաննա Գալոյանին` փորձելով մեկնաբանություն ստանալ: Ուսուցչուհին, լսելով, որ իրեն լրագրող է զանգահարում իր աշակերտի հետ կապված միջադեպի հարցով, առանց որեւէ բան ասելու անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:




























