ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 12-ին կայցելի Իրան: «Կոմերսանտի» զրուցակիցների խոսքով՝ Կրեմլը հույս ունի Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիի իշխանության գալն օգտագործել՝ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները մեռյալ կետից տեղաշարժելու համար: Վլադիմիր Պուտինը կքննարկի նաեւ երկկողմ հարցեր. Ռուսաստանի կողմից «Բուշեր» կայանի նոր էներգաբլոկների կառուցումը եւ Իրանին «Անտեյ-2500» համալիրների մատակարարումը՝ С-300-ի փոխարեն: Փորձագետները սպասվող այցը «հեռանկարային, բայց վտանգավոր» են համարում:

«Այցը նշանակված է օգոստոսի 12-13-ին»,-հայտնել է Իրանի ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը:  Կրեմլում հաստատել են սպասվող այցի մասին տեղեկությունը՝ հավելելով, որ տեղյակ չեն՝ մեկօրյա, թե՞ երկօրյա կլինի այն: Դա կախված կլինի դեռեւս ձեւավորվող օրակարգից: Վլադիմիր Պուտինը Հասան Ռուհանիի երդմնակալությունից հետո Իրան այցելած առաջին արտասահմանցի նախագահը կդառնա:

Առանցքային թեմաներից կլինի իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված հակամարտությունը: Հունիսին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր. «Իրանը միջուկային ոլորտում պահպանում է կանոնները: Հակառակը վկայող ապացույցներ չկան»: Ի դեպ, ՌԴ նախագահը նշել էր, որ «բաց հարցեր կան», բայց «եթե համբերություն ունենան եւ բարյացակամորեն աշխատեն, պատասխաններ գտնելը հնարավոր է»:

Մոսկվայում, երեւում է, հույս ունեն, որ «ռեֆորմատոր Ռուհանին» միջուկային ծրագիրը քննարկելիս իր նախորդից ավելի ճկունություն կցուցաբերի:

 «Հարկավոր է օգտագործել պահը՝ նոր նախագահի իշխանության գալը, բանակցությունները առաջ մղելու համար: Այցը հնարավորություն կտա ծանոթանալ Իրանի նոր ղեկավարության տրամադրվածությանը եւ հասկանալ՝ արդյոք այն պատրաստ է զիջումների»,—հստակեցրել է դիվանագիտական շրջանակների աղբյուրը:

Միաժամանակ իրավիճակը բարդացնում է այն, որ Իրանի նախագահը սահմանափակ լիազորություններ ունի. Որոշիչ խոսքը այաթոլլահ Խամենեիինն է: Նրան զիջումների դրդելու համար հարկավոր է պատժամիջոցները հանելու վերաբերյալ Արեւմուտքի երաշխիքը:

Փոխզիջումների միջոցով իրանական միջուկային հիմնախնդիրը կարգավորելու առաջարկով Մոսկվան հանդես էր եկել երկու տարի առաջ: Նախաձեռնությունը կյանքի կոչել առայժմ չի հաջողվում: ՌԴ նախագահի այցը կարող է վերակենդանացնել այն: Այնուամենայնիվ, կարծում է փորձագետը, «Պուտինի համար կարեւոր է, որպեսզի ռուսական արտաքին քաղաքականությունն առավելագույնս անկախ լինի, իսկ Իրանը ուժի ինքնուրույն կենտրոն է եւ Մերձավոր Արեւելքում ու աշխարհում ամենաառանցքային խաղացողներից մեկը»:

Սպասվում է, որ Թեհրանում Վլադիմիր Պուտինը կքննարկի նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, առաջին հերթին՝ ատոմային-էներգետիկական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: 

Հուլիսի սկզբին այցով Մոսկվայում գտնվող Իրանի հեռացող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Ռուսաստանի կողմից «Բուշեր» կայանի նոր էներգաբլոկների կառուցման մասին խոսել էր ինչպես վճռված հարցի վերաբերյալ:

Ռազմատեխնիկական ոլորտում Մոսկվան արդեն ընդառաջ գնացել է Թեհրանին, С-300 համալիրների փոխարեն առաջարկել է  «Անտեյ-2500» համալիրներ:

ՌԴ իշխանությունները հույս ունեն նման փոխզիջման միջոցով ոչ դատական կարգով Իրանին համոզել հետ կանչել «Ռոսօբորոնէքսպորտ»-ի դեմ ներկայացված հայցը, որը վերաբերում է С-300 համալիրների մատակարարման 4 միլիարդանոց պայմանագրի խզմանը: Աղբյուրները վստահեցնում են, որ Պուտինն անպայման կանդրադառնա այդ հարցին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ «Կոմերսանտին» չի մեկնաբանել Վլադիմիր Պուտինի Իրան կատարելիք այցի հարցը: