Համակարգիչներ եւ բջջային սարքեր արտադրող ամերիկյան Apple Inc. Կորպորացիայի մաքուր շահույթը 2012-13 թվականների ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակում նվազել է 21,8 տոկոսով՝ հասնելով 6,9 մլրդ դոլարի: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 8,82 մլրդ դոլար: Այս մասին նշված է ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ: Հաշվետու ժամանակահատվածն ավարտվել է այս տարվա հունիսի 29-ին:
Ընկերության հասույթը ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակում ավելացել է 1 տոկոսով եւ կազմել 35,3 մլրդ դոլար: Ընկերության մեկ բաժնետոմսի հաշվով եկամուտը կրճատվել է, հասնելով 7,47 դոլարի (մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 9,32 դոլար էր), հաղորդում է РБК-ն:
Թեեւ Apple ընկերության մաքուր շահույթը նվազել է, սակայն ֆինանսական արդյունքները գերազանցել են սպասելիքները: Ֆոնդային բորսաների պաշտոնական փակումից առաջ Apple-ի բաժնետոմսերի գինն աճել է ավելի քան 4 տոկոսով: Apple-ը նաեւ հայտնել է, որ հաշվետու եռամսյակում իրացրել է 31,2 մլն iPhone սմարթֆոն, ինչը 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Հիշեցնենք, որ 2012-13 թթ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում Apple-ի մաքուր շահույթը կրճատվել է 18 տոկոսով եւ հասել 9,55 մլրդ դոլարի:




























