Գելենջիկից 13 կմ հեռավորության վրա գտնվող Կաբարդինկա գյուղում գլխիվայր կառուցված տուն է հայտնվել, հաղորդում է շրջանի վարչակազմի մամուլի ծառայությունը:
Կառույցի տանիքը հատակի փոխարեն է: ՄԻակ ճիշտ գտնվող տարրը աստիճանն է, որի օգնությամբ կարելի է հայտնվել տան ներսում: Տան ներսում եւս ամեն բան գլխիվայր է. գորգերը, կահույքը եւ մյուս իրերը ամրացված են առաստաղին:
Գելենջիկի վարչակազմը նշում է, որ առարկաների անսովոր տեղադրության պատճառով, տուն մտնողի մոտ թեթեւ գլխապտույտ կարող է սկսվել եւ նույնիսկ հնարավոր է կորցնել կողմնորոշումը տարածության մեջ, հաղորդում է Lenta.ru-ն:
Տանտերերի խոսքով՝ տանը կարելի է ապրել, բայց իրենք չեն պատրաստվում այն վարձով տալ որեւէ մեկին: Տունը կառուցվել է բացառապես որպես տուրիստական օբյեկտ, այն բացվել է հուլիսին: Չի նշվում, թե որքան արժե այդ էքսկուրսիայի տոմսը:
Աշխարհի շատ քաղաքներում են արտաքինից գլխիվայր տեսք ունեցող տներ կառուցում, սակայն ներսից ամեն բան սովորական է: Այս դեպքում ներսում եւս ամեն բան գլխիվայր է:





























