Իրանի ԱԳՆ-ում կարծում են, որ ԵՄ կողմից լիբանանյան «Հըզբոլլահ» շիական շարժման ռազմական թեւը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելը չի անդրադառնա այն ռազմավարական դերի վրա, որը խմբավորումը խաղում է տարածաշրջանում:
ԵՄ խորհուրդը հինգշաբթի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում է ներառել լիբանանյան «Հըզբոլլահ» շիական շարժման ռազմական թեւը, որը Սիրիայում կռվում է իշխանությունների կողմից: Այդ հարցը բարձրացվել է դեռեւս 2013թ մարտին՝ 2012թ բուլղարական Բուրգաս քաղաքում տեղի ունեցած վթարի ուսումնասիրման արդյունքում: Այն ժամանակ զոհվել էր 7 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել էր: «Հըզբոլլահի» ղեկավարությունը հերքել է իր մասնակցությունն այդ ահաբեկչությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Արաբական լրատվամիջոցները, վկայակոչելով իրանցի դիվանագետին, գրում են, որ այդ որոշումը կայացնելով՝ ԵՄ-ն եւս մեկ անգամ հաստատեց, որ սխալ է հասկանում ու մեկնաբանում Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը: Իրանական ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ իր հաստատակամ աջակցությունն է հայտնել «ընդվզման քաղաքականությանը», որը «Հըզբոլլահը» վարում է Լիբանանում եւ տարածաշրջանում:
Ավելի վաղ «Հըզբոլլահը» որպես ահաբեկչական կազմակերպություն էին ճանաչել ԱՄՆ-ն, Նիդեռլանդները, Կանադան, Իսրայելը, Ավստրալիան, Բահրեյնը եւ Եգիպտոսը:





























