Ուգանդական սպիտակատամ խլուրդը (Scutisorex somereni) մանր կաթնասուններից ամենաարտասովոր տեսակն է: Նա պատկանում է Scutisorex կենսաբանական ցեղին եւ մինչեւ վերջերս դրա միակ տեսակն էր համարվում: Մանր կաթնասունի բացառիկությունը նրա անսովոր դիմացկունությունն է. սպիտակատամիկն ի վիճակի է մեջքին կրել իր քաշը հազար անգամ գերազանցող ծանրություն: Չափահաս մարդը կարող է հանգիստ կանգնել նրա մեջքին` նույնիսկ չվնասելով այն: Եթե մարդիկ էլ նման ողնաշար ունենային, կարող էին հսկա տիեզերանավեր փոխադրել:
Նման ուժն ու դիմացկունությունը պայմանավորված են սպիտակատամի ողնաշարի անսովոր կառույցով: Այն ամբողջական լայն շրջանակ է եւ հիշեցնում է իրար մեջ խճճված երկու սանր: Ըստ կենսաբանների` անհրաժեշտ է պարզել, թե ինչպես են այդ կենդանիները «դրան հասել» էվոլյուցիայի ընթացքում, հաղորդում է Vesti.ru-ն:
Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ խլուրդները երբեմն դժվարություններ են ունեցել սնունդ հայթայթելիս: Քանի որ միջատները թաքնվում են դժվարամատույց վայրերում, նրանց բռնելը հեշտ չէ: Խլուրդներն իրենց հզոր ողնաշարի օգնությամբ կարողանում են ծանրություններ բարձրացնել որսի ճանապարհին, իսկ եթե հանկարծ կենդանու վրա որեւէ ծանր բան էլ ընկնի, օրինակ` ծառ, ապա կենդանին, միեւնույն է, ողջ կմնա:





























