Որքան մարդը քիչ ատամներ ունի, այնքան քիչ է տեղեկություններ հիշելու կարողությունը: Գիտնականները նման եզրահանգման են եկել նոր ուսումնասիրության հիման վրա, հայտնում է LiveScience-ը:
Փորձին մասնակցել են 55 տարեկան եւ ավելի 273 մասնակիցներ: Հետեւելով նրանց` գիտնականները հայտնաբերել են փոխադարձ կապ իսկական ատամների թվի եւ հիշողության միջեւ: Ընդ որում, հետազոտողները հաշվի են առել յուրաքանչյուր մասնակցի տարիքը՝ համոզվելու համար, որ այդ գործոնը չի ազդում հիշելու ունակության վրա, հաղորդում է MIGnews.ru-ն:
Թեեւ այդ հետազոտության ժամանակ գիտնականներին չի հաջողվել պարզել հայտնաբերած կապի պատճառները, ստացված տվյալները համահունչ են նախորդ ուսումնասիրությունների արդյունքներին: Գիտական European Journal of Oral Sciences հրատարակչության նոր համարում ուսումնասիրություն է հրապարակվել, որն ապացուցում է, որ մարդկանց կամ կենդանիաների մոտ բնական ատամների առկայությունն ազդում է նրանց ճանաչողական կարողությունների վրա: Հետեւաբար, ատամների կորուստը կարող է հանգեցնել մեծ տարիքում հիշողության հետ խնդիրների:
Կենդանիների մոտ նման կապի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առնետները, որոնց ատամները հեռացրել էին, դժվարություններ էին ունեցել նոր տեղեկությունը հիշելու հետ կապված: Գիտնականները կարծում են, որ ատամների սակավաթիվ լինելը թուլացնում է ուղեղին հաղորդվող սենսորային ազդակները, ինչն էլ բացասական է ազդում վերջինիս գործառույթների վրա, ներառյալ` հիշողությունը:





























