Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները « Shark Attack Mitigation Systems»-ի մասնագետների հետ «հակաշնաձկնային»  երկու հիդրոկոստյում են նախագծել, որոնք ջրասուզակներին եւ սերֆինգիստներին պետք է պաշտպանեն շնաձկներից:

Հիդրոկոստյումներից մեկը հատուկ երկնագույն զարդանախշով է պատված, ինչը, ըստ մասնագետների, անտեսանելի է շնաձկների համար, քանի որ նրանք դալտոնիզմ ունեն: Մյուս կոստյումը թունավոր ձկան գույն ունի, որոնցից սովորաբար շնաձկները խուսափում են:

Թեեւ շնաձկները զարգացած հոտառություն ունեն եւ կարող են ջրում զգալ մարդու հոտը, բայց գիտնականները նշում են, որ եթե նրանք չեն տեսնում թիրախը, հարձակման ռիսկը նկատելիորեն կրճատվում է, տեղեկացնում է  «NEWSru.com»-ը:

Գիտնականները վստահեցնում են, որ իրենց «խելացի» կոստյումներն առավել անվտանգ են, քան ավանդական հիդրոկոստյումները, որոնց դեպքում շեշտն ավելի շատ դրված է ամրության ու հաստության վրա,  եւ հաշվի չի առնված ջրային գիշատիչի հոգեբանությունը: