Լոռիի մարզում վերջին 2 ամսում շուրջ 70 գլուխ խոզ է սատկել: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ՝ անկումները գրանցվել են հիմնականում մարզի Թումանյանի տարածաշրջանի Հագվի, Աքորի եւ Շամլուղ համայնքներում: Այդ կենդանիների մեծ մասը եղել են սարերում, թեեւ գյուղերում եւս անկումներ գրանցվել են: Հրավիրվել են բոլոր պատկան մարմինները, սատկած անասուններից վերցվել են անալիզներ լաբորատոր հետազոտությունների համար: Գյուղացիների այն մտավախությանը, որ տարածաշրջանում կրկին տարածում է ստանում խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը, փորձաքնությունների պատասխաններով հերքվել է:
Նշված երեք համայնքներում սննդամթերքի անվտանգության պետական տեսչության մարզային կենտրոնի կողմից տեղադրվել են կարանտինային կետեր, որտեղ շուրջօրյա հսկողություն են իրականացնում թե համայնքների անասնաբույժները եւ թե ոստիկանության ծառայողները`այդկերպ կանխելով եւ վերահսկելով խոզի մսի դուրս գալը համայնքներից:
Թե իրականում քանի խոզ է սատկել, համայնքապետերը դժվարանում են ասել, քանի որ ըստ նրանց` իրենք ֆիքսում են այն թիվ, որն իրենք են տեսել, մինչդեռ գյուղացիները պնդում են, որ սատկած անասունների թիվը զգալի է եւ որ իրենք պարզապես համայնքապետին ցույց չեն տվել, քանի որ գիտեն, որ մեկ է որեւէ փոխահտուցում չի լինելու. «Ինչ իմաստ ունի սարից բերել գյուղապետարան…մեկ ա բան էլ չի փոխվելու»:
Լաբորատոր փորձաքննությունների պատասխանները ցույց են տվել, որ խոզերի մոտ հայտնաբերվել է պաստերիլիոզ հիվանդություն, որի պատվաստումները պետպատվերի շրջանակներում չեն արվում: Պատվաստումները դրված են գյուղացու ուսերին, նրանք էլ ասում են, որ գումար չունեն, միեւնույն ժամանակ կրկին փառք տալով Աստծուն, որ չկրկնվեց 2007 եւ 2010թ-ի իրավիճակը, երբ խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը Թումանյանի տարածաշրջանում չթողեց ոչ մի գլուխ խոզ, մի մասը սատկեց, մի մասն էլ հարկադիր սպանդի ենթարկվեց ու թաղվեց:
Սննդամթերքի անվտանգության տեսչութունից NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում վստահեցրել են, որ մարզում համաճարակ կամ որեւէ բռնկում չկա, եւ որ իրենք անալիզներ են վերցրել ոչ միայն սատկած, այլ նաեւ տարածաշրջանի մի շարք համայնքների կենդանի խոզերից, որի պատասխանները ցույց են տվել, որ հիվանդություն չկա:
Ի դեպ, գյուղացիները մեզ հետ զրույցում նշել են, որ չի բացառվում, որ հիվանդությունները դիտավորյալ տարածեն, որոշ օլիգարխների կողմից Հայաստան ներմուծած սառեցրած մսերն իրացնելու նպատակով. «Գարնանը վարկով խոզ ենք առնում, որ նոր տարուն մորթենք, էդ էլ տեսնում եք, ամբողջը վերանում է»:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեղեկություններով խոզերի անկման դեպքեր են նկատվում նաեւ մարզի Թումանյանի տարածաշրջանի այլ գյուղերում եւս, մասնավորապես Լորուտ համայնքում բնակիչները սկսել են հարկադիր մորթ իրականացնել, այդկերպ խուսափելով մեծ վնասներից:
Հիշեցնենք, որ դեռ 2007 եւ 2010թ-ին մարզի նույն Թումանյանի տարածաշրջանում մեծ տարածում էր գտել խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը, ինչի պատճառով գրեթե ամբողջությամբ նշված տարածաշրջանում դադարեցվեց խոզաբուծությունը: Բնակիչները մտավախություն ունեն, որ վիճակը այս տարի էլ կկրկնվի:
Լուսանկարներն ու տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի











